Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեկտեմբերը` սարսափի ամիս (քաղաքական քրեաօլիգարխիայի թունոտ ժանիքները)

Դեկտեմբերը` սարսափի ամիս (քաղաքական քրեաօլիգարխիայի թունոտ ժանիքները)
28.11.2014 | 09:58

Զանգը հնչեց, գները ելնում են սարն ի վեր, ավելի ստույգ` բարձրանում են, հեծնում մեր ուսերին, մեր գլխին ու պարանոցին, առհասարակ ամենուր, որ հեծնելու թեկուզ մի փոքրիկ թամբատեղ կա։ Վարչապետը տրտում, սակայն միաժամանակ անշփոթ եզրակացնում է` այո, դոլարի փոխարժեքի բարձրացումը ծանր հետևանքներ կունենա շարքային սպառողների համար։ Կեցցե՛ս։ Բնականաբար, շարքային սպառողների հոգսերի բազմացումը նույնականացվում է ոչ շարքային, այսինքն` «ընտրախավային» հանրային շերտի հույսերի բազմապատկմամբ, այն է` այս Ամանորին էլ քերթել ժողովրդի բազմադաբաղ մաշկը և կերտել մի քանի նոր դղյակ, շոգեբաղնիք, հանք ու լիճ։ Սակայն ինչո՞ւ արգո վարչապետը տրտմագին դիմախաղից հետո լայնաբերան չի ժպտում, չէ՞ որ նա, նրա շրջապատն ու շրջապատի շրջակայքը ընտրախավային, այսինքն` ենթակա են է՛լ ավելի հարստացման, շենացման և վայրագացման այս մի ափաչափ ու տանջահարված հողի վրա։ Ինչևէ, այս տարի արդեն նոյեմբերի կեսերից շնորհավորում են Ամանորն ու Սբ. Ծնունդը, ինչպիսի՜ անհեթեթություն։ Սակայն սա ինքնանպատակ չէ, մթնոլորտը պիտի շիկացնել, նախատոնական շորշոփներով գրգռել մարդկանց ախորժակը, համաճարակի վերածել օր առաջ Ամանորի սեղանը բարիքներով լեցուն տեսնելու տենդը։ Մի խոսքով, գները «լկտիանում» են, վարչապետը երազում է, որ իրեն վստահեն։
Ես վստահում եմ նրան և վստահեցնում եմ բոլորին` այս ձմեռն առավել հոգսաբեկ կլինի, քան նախորդը, զի սա է ներկա կառավարության գերակա խնդիրը` էլ ավելի կքեցնել հոգսերի ներքո հանրությանը, կանաչ բազում լապտերներ վառել արտագաղթի ճանապարհին և մեծագույն բովանդակությամբ, անգամ սիրառատ կրքոտությամբ զարդարել Հանրապետության հրապարակի տոնածառը։ Ի դեպ, համաձայն սեփական հաշվարկներիս, տոնածառի լույսերը շողարձակում են վարչապետական պլպլան գրասեղանին և էլ ավելի տոնական են դարձնում նրա, առհասարակ, կառավարության նախատոնական տրամադրությունը։
Միով բանիվ, որքան ահագնանում է արտագաղթը, այնքան ավելանում են քաղաքական-քրեական օլիգարխիայի գերշահույթները։ Միով բանիվ, դեկտեմբերն այս տարի սարսափի ամիս է դառնալու, զի դոլարային դիվախաղը լիուբոլ արդարացնում է վերնակույտի սպասելիքները. քաղաքը, իր կամքից անկախ, ընկղմվում է նախա, չէ, ոչ թե տոնական, այլ ուղղակի շնական շուրջպարի մեջ` պայթուցիկները որոտում են, փուչիկները պայթում, քաղաքական դհոլներն են երջանիկ մոլուցքով հիմնավորում սննդամթերքի թանկացման նշանակությունը որպես գալիք սերնդի անամպ ապագայի հիմք։ Միով բանիվ քաղաքական քրեաօլիգարխիան բացել է գարշաբույր երախը և ցուցանում է թունավոր ժանիքները։ Կամ պիտի ենթարկվենք այս նոր դիվախաղին, կամ էլ գրողի ծոցն ուղարկենք տոն և թանկություն, այս ձմռանը գոյատևենք մի պատառ հացով և երկու պտղունց պանրով։ Հավատացեք` կհաղթենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Անշուշտ, վիճակը ողբերգական ենթատեքստեր չէր ունենա, եթե ժամանակին ՀՀ կառավարություններն ապահովեին հանրապետությունը տնտեսական անվտանգության բարձիկներով։ Այսօր էլ ուշ չէ։ Սակայն իրավիճակը կարող է բարելավվել, եթե հասարակության և պետության անվտանգությունը հենց այս պահից դառնա իշխանությունների և կառավարության հավատո հանգանակը։

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ